Մարդը սոցիալական էակ է: Նրան հարկավոր են հարաբերություններ այլ անձանց հետ և սոցիալականացում: Գոյություն ունեն տարբեր տեսակի հարաբերություններ՝ ընտանեկան, ընկերական, ռոմանտիկ, աշխատանքային, մասնագիտական և այլն:
Ընտանեկան հարաբերություններ
Մեր ընտանիքի անդամներ կամ ազգականներ են համարվում նրանք, ում հետ կապված ենք որևէ ազգակցական կապով, լինի դա արյունակցական (օրինակ՝ մայր-հայր, քույր-եղբայր) ամուսնական (օրինակ՝ ոչ կենսաբանական հորեղբայր, ծնողներ, քեռակին), ռոմանտիկ հարաբերություն (օրինակ՝ ծնողի ընկեր կամ ընկերուհի): Բացի նրանից, որ ընտանիքը բաղկացած է մորից, հորից, քրոջից, եղբորից, ում ամեն օր ենք տեսնում, ընտանիքի մեջ են մտնում նաև այն ազգականներն, ինչպիսիք են մորաքույր-հորաքույրները, հորեղբայր-մորեղբայրները, տատիկ-պապիկները, ում հնարավոր է ոչ այնքան հաճախ ենք տեսնում:
Ընտանիքի ըմբռնումը բազմատեսակ է, օրինակ՝ միայնակ ծնող, որդեգրող ընտանիք (խորթ մայր կամ խորթ հայր): Լավագույն դեպքում անձը պետք է սերտ կապեր ունենա իր ընտանիքի հետ, ընտանիքի անդամները միմյանց նկատմամբ պետք է զգան սեր և մտերմություն, պետք է վստահեն իրար և ունենան անձնական հարցերի շուրջ բացահայտ զրուցելու հնարավորություն: Ծնողների և ազգականների գլխավոր դերը կայանում է նրանում, որ երեխաներին տան դաստիարակություն, հոգատարություն, աջակցություն և անհրաժեշտության դեպքում զբաղվեն կարգապահության հարցերով: Երբեմն տարաձայնություններ են առաջանում նաև միմյանց սիրող ընտանիքի անդամների միջև, սակայն ընտանիքներից շատերում, նման դեպքերը կարճատև են և նույնիսկ զայրույթի ու ցավի դեպքում, նրանք այնուամենայնիվ սիրում և հոգ են տանում միմյանց մասին: Լավագույն դեպքում ընտանեկան հարաբերությունները շարունակվում են մինչև կյանքի վերջ, սակայն, բնականաբար, երեխաների մեծանալու հետ միասին ավելանում է նրանց անկախանալու ցանկությունը և դաստիարակությանը փոխարինում է փոխաջակցությունը ծնողների և երեխաների միջև:
Երբեմն, երբ դեռահասը անցումային տարիքում է, նրա և ծնողների միջև հաճախակի բնույթ է կրում կոնֆլիկտը, ելնելով նրանից, որ երիտասարդն անցնում է բարդ շրջան, մի կողմից նրա օրգանիզմում տեղի են ունենում նշանակալի փոփոխություններ, ինչը կապված է հասունության հետ, մյուս կողմից՝ այդ շրջանը նրա համար բարդ է նաև հոգեբանական առումով, քանի որ նա փորձում է ինքնահաստատվել հասարակության մեջ: Այդ գործընթացը բացարձակապես նորմալ երևույթ է, և մեծ մասամբ բարդություններն ավարտվում են նշված տարիքն անցնելուց հետո: Շատ կարևոր է ընտանիքի հետ ունենալ լավ հարաբերություններ, քանի որ ներդաշնակ հարաբերությունների պայմաններում ընտանիքի աջակցությունն ընդմիշտ է:
Ընտանիքի հետ կապը մեծ դեր է խաղում անձնական բարեկեցության համար: Կարևոր է, որ անհատը լավ հարաբերություններ ունենա ծնողների հետ: Ներդաշնակ ընտանիքում դաստիարակված երեխան հեշտությամբ է կառավարում նաև մյուս հարաբերությունները, ինչպիսիք են՝ ընկերությունը, ռոմանտիկ կապերը, աշխատանքային հարաբերությունները և այլն: Որոշ ընտանիքներում սերն արտահայտում են նաև ֆիզիկապես. համբուրել, փաթաթվել, գլուխը շոյել և այլն: Որոշ ընտանիքներում ֆիզիկական շփումն ավելի հազվադեպ է: Հարկ է նշել, որ հատկապես փոքր տարիքի երեխաներն ունեն ֆիզիկական շփման կարիք, այդ դեպքում նրանք ավելի մեծ երջանկություն և անվտանգություն են զգում:
Ընկերություն
Ընկերներին մենք ընտրում ենք կյանքի տարբեր փուլերում: Նրանք այն մարդիկ են, ում վստահում ենք, հարգում և հետաքրքրվում: Լավ ընկերությունը պետք է հիմնված լինի ազնվության, հավատարմության և աջակցության վրա: Ընկերության առկայության համար երկու անձ միմյանց պետք է համարեն ընկերներ: Ընկերության մեջ կան տարբեր մակարդակներ. որոշ ընկերների հետ ավելի մոտ հարաբերություններ ունենք, քան մյուսների հետ: Անձնական հարցերի շուրջ ցանկալի է չզրուցել նոր ձեռք բերած ընկերոջ կամ այն ընկերոջ հետ, ում հազվադեպ ենք հանդիպում: Հնարավոր է մեզ ավելի հարմարավետ ու անվտանգ զգանք այն ընկերների շրջապատում, ում երկար ժամանակ ենք ճանաչում կամ շատ ժամանակ ենք անցկացնում իրար հետ: Այն ընկերները, որոնք մտերիմ են և միմյանց լավ են ճանաչում, հաճախ «լավագույն ընկերներ» են կոչվում: Լավ ընկերները միմյանց հարգում են և վստահում, հաճախ ունենում են ընդհանուր հետաքրքրություններ և տեսակետեր: Ընկերության մեջ տարբերվում է նաև ողջունելու ձևը: Օրինակ՝ ոմանք միմյանց նկատմամբ մտերիմ հարաբերությունն արտահայտում են իրար համբուրելով և փաթաթվելով, այն դեպքում, երբ մյուսները գերադասում են ֆիզիկական շփումը պահպանել ձեռքսեղմամբ:
Ծանոթություն
Ծանոթներն այն մարդիկ են, ում հաճախ ենք հանդիպում, սակայն նրանք ոչ ազգականներ են, ոչ էլ ընկերներ: Օրինակ՝ ծանոթ կարող է լինել հարևանը, որն ապրում է մեր փողոցում, գործընկերը կամ այն անձը, ում մի քանի անգամ հանդիպել ենք հասարակական հավաքույթների ժամանակ, սակայն լավ չենք ճանաչում: Որպես օրենք, հարաբերությունը սկսվում է ծանոթությամբ և ժամանակի ընթացքում վերածվում ընկերության, քանի որ այդ անձի հետ գտնում ենք ընդհանուր հետաքրքրություններ, շատ ժամանակ ենք անցկացնում, նրան ավելի մոտիկից ճանաչելու հնարավորություն է տրվում: Ծանոթի հետ ֆիզիկական շփումը նվազագույնն է: Ավանդաբար նման մարդկանց հետ շփումը սահմանափակվում է միայն ժպիտով և հարգալից ողջույնով:
Ռոմանտիկ հարաբերություններ
Հարաբերությունը ռոմանտիկ է, երբ մարդիկ միմյանց ձգում են ինչպես անձնապես (հոգեպես), այնպես էլ ֆիզիկապես: Ռոմանտիկ է այն հարաբերությունը, որն առկա է աղջկա և տղայի միջև (հետերոսեքսուալ զույգեր), տղաների կամ աղջիկների միջև (հոմոսեքսուալ զույգեր), ամուսինների միջև (ամուսնություն), կյանքի ընկերների միջև (քաղաքացիական զուգընկերություն կամ երկարատև հարաբերություն առանց ամուսնության): Ռոմանտիկ հարաբերություններում գտնվող մարդիկ շատ հաճախ են հանդիպում, նրանցից ոմանք նույնիսկ ապրում են միասին: Նման հարաբերություններում գտնվող երկու անհատ իրար սիրած էակ են անվանում: Նրանք այնպիսի զգացմունքներով են կապված, ինչ չեն զգում մյուսների հանդեպ և նրանց հարաբերությունը բացառիկ է և մենամուսնական:
Հաջող ռոմանտիկ հարաբերությունները կառուցված են սիրո, վստահության, հարգանքի, աջակցության, ընդունման, ընդհանուր հետաքրքրությունների և երկու անձանց ցանկության վրա՝ կիսել միմյանց հետ սեփական կյանքը: Որոշ զույգեր նույնիսկ երեխաներ ունենալու որոշում են կայացնում: Ելնելով նրանից, որ դա ամենամոտ հարաբերությունն է, այստեղ ընդունված են բազմատեսակ ֆիզիկական շփումներ, որոնք համապատասխան չեն մյուս հարաբերությունների ձևերին: Երբեմն ռոմանտիկ հարաբերություններում ի հայտ են գալիս վիճաբանություներն ու անհամաձայնությունները, որոնք ուժեղ կապի դեպքում, կարող են կարգավորվել արդյունավետ հաղորդակցությամբ, փոխըմբռնմամբ և փոխզիջմամբ:
Որոշ դեպքերում, հատկապես այն ժամանակ, եթե զույգը հաճախ է վիճում կամ նրանց չի հետաքրքրում միասին լինելը, նրանք կարող են որոշում կայացնել և ընդհատել հարաբերությունը: Մարդկանց մեծամասնությունը տենչում է ունենալ ռոմանտիկ հարաբերություններ և ցավագին է տանում նման հարաբերությունների ավարտը: Թեպետ, պետք է հիշել, որ ռոմանտիկ հարաբերությունները մարդկանց անհրաժեշտ են սեփական երջանկության համար և եթե այդ հարաբերությունը զուգընկերներից մեկի համար ցանկալի չէ, ապա այն պետք է խաղաղ ավարտել: Քանի որ ռոմանտիկ հարաբերությունը երկու անձանց կամավոր հարաբերությունն է, չի թույլատրվում հարկադրել մարդկանց պահպանել նրանց համար անցանկալի հարաբերությունը:
Ռոմանտիկ հարաբերությունների տևողությունը տարբեր է: Որոշ հարաբերություններ շուտ են ավարտվում, քանի որ զուգընկերներն անհամատեղելի են և հիմնախնդիրները շուտ են ի հայտ գալիս: Լինում է նաև այնպես, որ երկու անձ միասին շատ երկար ժամանակ են անցկացնում, երբեմն նաև մինչև կյանքի վերջ մնում են այդ հարաբերություններում:
Ամուսնություն
Վրաստանի օրենսդրությամբ ամուսնությունն ընտանիք ստեղծելու նպատակով կնոջ տղամարդու կամավոր կապն է, որը գրանցվում է Վրաստանի արդարադատության նախարարության կառավարման ոլորտում գործող հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային ծառայությունում:[1]
Ընտանիք ստեղծելու նպատակով ամուսնանալիս կարևոր նշանակություն է տրվում ամուսինների հավասարությանը, ինչը ենթադրում է հավասարություն, ինչպես իրավական, այնպես էլ սոցիալական վիճակի ու հասարակական պատկանելության առումով: Ամուսնացած անձանց մեծամասնությունն ընդհանուր տնտեսություն է վարում, այսինքն՝ ապրում են միասին և համատեղ որոշումներով տնօրինում ընդհանուր գույքը: Կարևոր է, որպեսզի հավասարությունն ընտանիքում իսկապես իրականացվի, տեղի ունենա տնային աշխատանքի հավասար բաշխում և կարևոր որոշումների համաձայնեցված ընդունում:
Պետությունը նպաստում է ընտանիքի բարեկեցությանը և գտնում, որ ամուսնությունը պետք է հիմնված լինի միայն ընտանիք ստեղծելու ամուսինների ազատ կամքի վրա: Ամուսնանալու որոշումը պետք է ընդունեն երկու անձն անձամբ, և այդ ժամանակ չի թույլատրվում ծնողների, տատիկ-պապիկների, ընկերների կամ այլ մարդկանց հարկադրանքը, պարտադրանքը կամ ահաբեկումը:
Կնոջ և տղամարդու միջև չգրանցված կապը, թեկուզ երկարատև ռոմանտիկ հարաբերությունը, չի համարվում ամուսնություն և չի առաջացնում ամուսնության իրավական հետևանքներ: Վրաստանն ընդունում է կրոնական ամուսնությունը, սակայն այն չի հավասարեցնում քաղաքացիական ռեեստրում գրանցված ամուսնությանը: Համապատասխանաբար, զույգը միմյանց հանդեպ չի պարտավորվում իրագործել օրենքով սահմանված իրավական իրավունք-պարտականությունները: Այս հանգամանքը կարևոր է դառնում ամուսնալուծության ժամանակ, քանի որ տարբեր ձևով են կարգավորվում գույքային իրավունքները: Եթե գրանցված ամուսնության մեջ գտնվող զույգի կողմից տեղի է ունեցել գույքի ձեռքբերում, ապա այն կիսվում է, իսկ եթե զույգը գտնվում է չգրանցված կապի մեջ, ապա այդ դեպքում գույքը չի կիսվում հավասար: Այդ պատճառով ցանկալի է, որպեսզի ամուսնությունը լինի գրանցված:
Օրենսդրության համաձայն՝ Վրաստանում ամուսնանալու տարիք է սահմանված 18 տարեկանը:
Վրաստանի քրեական օրենսգրքով արգելվում է բռնի ամուսնությունը, հոդված 150:
1. Բռնի ամուսնությունը (այդ թվում չգրանցված), պատժվում է հասարակական աշխատանքով երկու հարյուրից մինչև չորս հարյուր ժամ ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկու տարի ժամկետով, զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա:
2. Նույն գործողությունը, կատարված նախապես գիտակցված անչափահասի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից մինչև չորս տարի ժամկետով, զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա:
Քանի որ ամուսնությունը իրավական ակտ է, ամուսինների ամուսնալուծությունը նույնպես պետք է հաստատվի համապատասխան ակտով: Ամուսնալուծությունը նույնպես կամավոր է և չի թույլատրվում անձին վախեցնելով կամ բռնության այլ ձևերով պարտադրել մնալ ամուսնության մեջ: Եթե ամուսնության համար անհրաժեշտ է երկու անձի համաձայնությունը, ապա ամուսնալուծության համար բավական է մեկ անձի ցանկությունը և նման դեպքում ամուսնալուծություն ցանկացողը պետք է դիմի դատարան: