Գլուխ 1, Դաս 14

Վրաստանի ներպետական ակտերը Մարդու իրավունքների մասին

Մարդու իրավունքներն այսօր կազմում են, ինչպես միջազգային, այնպես էլ  կոնկրետ պետությունների ներօրենսդրության մասը: Համապատասխանաբար, Մարդու իրավունքների մասին խոսելիս  կարևոր է համառոտ ամփոփել, ինչպես Մարդու իրավունքների և ազատությունների մասին հիմնական միջազգային, այնպեսև  ներպետական փաստաթղթերը:


Անկախ Վրաստանի պատմության մեջ  Մարդու իրավունքների թվարկացանկը ներառող Մարդու իրավունքների մասին առաջին իրավական փաստաթուղթն է համարվում 1921 թվականի Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության սահմանադրությունը:  Թեև, Մարդու իրավունքների և ազատությունների մասին 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարասկզբին ակտիվորեն գրում էին Իլյա Ճավճավաձեն, Վաժա-Փշավելան, Սերգեյ Մեսխին, Իակոբ Գոգեբաշվիլին, Միխեիլ Ջավախիշվիլին և ուրիշներ:

Կարևոր նամակների շարքին են դասվում Միխեիլ Ջավախիշվիլիի «Յոթ ազատությունը»«Գյուղացու նամակները», և «Անկախ դատարանը», Վաժա –Փշավելայի «Ի՞նչն է կոչվում ազատություն»«Ի՞նչ է ազատությունը», «Այսօրվա նամակն ընկերոջը», Սերգեյ Մեսխիի «Ի՞նչ են կորցրել կանայք և ի՞նչ են փնտրում», Իլյա Ճավճավաձեի «Օրենքի առջև հավասարությունը  հասարակության կանոնավոր կառուցվածքի անկյունաքարն է» և այլն: 

Վրաստանի 1921 թվականի սահմանադրությունը պատկանում է առաջին սերնդի սահմանադրություններին և այն ժամանակվա ամենաառաջադեմ սահմանադրություններից մեկն է համարվում: Սահմանադրության երրորդ գլուխն  ամբողջությամբ վերաբերում է մարդու իրավունքներին, 13-րդ գլուխը՝ սոցիալ-տնտեսական իրավունքերին, իսկ 14-րդ գլուխը՝ ազգային փոքրամասնությունների իրավունքներին: 1921 թվականի սահմանադրությամբ ճանաչված են այն իրավունքներն ու սահմանադրական սկզբունքները, ինչպիսիք են՝

  • քաղաքացիների հավասարությունն օրենքի առջև
  • գենդերային (սեռային) հավասարությունը
  • անձի անձեռնմխելիությունը կամ անձի ձերբակալման անհնարինությունն առանց դատարանի կամ այլ իրավասու մարմնի որոշման
  • համոզմունքի և արտահայտվելու ազատությունը 
  • կրոնի ազատությունը
  • հանրահավաքների  և ցույցերի իրավունքը

Սահմանադրությամբ վերացվել է մահապատիժը, ինչն այն ժամանակ նույնիսկ Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում անհավանական  էր համարվում:

Սահմանադրության 16-րդ գլուխը ամրապնդում էր  աշխարհականության (սեկուլյարիզմ) սկզբունքը և արգելում եկեղեցու ֆինանսավորումը պետական և ինքնակառավարման  բյուջեներից: Մասնավորապես՝ սահմանադրության 143-րդ գլխի համաձայն «կրոնական ոչ մի դավանանք չունի առավելություն», իսկ 144-րդ հոդվածի համաձայն՝  «պետական գանձարանից և տեղական ինքնակառավարման գումարներից կրոնի գործերի անհրաժեշտության համար միջոցների հատկացումն արգելվում է»:

1921 թվականի սահմանադրությունը չկարողացավ գործել Ռուսաստանի կողմից Վրաստանը բռնագրավելու պատճառով, քանի որ այն ընդունելուց 4 օր անց՝ փետրվարի 25-ին, Կարմիր բանակը գրավեց Թբիլիսին: 1921 թվականին Բաթումիի իր սեփական տպարանում սահմանադրությունը տպագրեց Նեստոր Խվինգիան, ինչը հավասարազոր էր քաղաքացիական հերոսության:  

Վրաստանը բռնագրավելուց  և  ստիպողաբար խորհրդայնացնելուց հետո, մինչև 1990 թվականը, Վրաստանում գործում էին Խորհրդային Վրաստանի սահմանադրությունները, որոնք Խորհրդային Միության սահմանադրությունների նմանակներն էին և մարդու իրավունքների առումով պատրանք էին հանդիսանում:

Ներկայիս Վրաստանի գերագույն օրենքն է 1995 թվականի  օգոստոսի 24-ի սահմանադրությունըԸստ Սահմանադրության նախաբանի (պրեամբուլա)՝ սահմանադրությունը հայտարարում են Վրաստանի քաղաքացիները «Աստծո և երկրի առջև», որոնց անսասան կամքն է հաստատել ժողովրդավարական հասարակական կարգ, տնտեսական ազատություն, սոցիալական և իրավական պետություն, ապահովել մարդու համընդհանուր ճանաչված իրավունքներն ու ազատությունները, ամրապնդել պետական անկախությունն ու մյուս ժողովուրդների հետ խաղաղ հարաբերությունները: 

Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն.

«Պետությունը ճանաչում և պաշտպանում է Մարդու համընդհանուր ճանաչված իրավունքներն ու ազատությունները, որպես անհաղթելի եւ բարձրագույն մարդկային արժեքներ: Իշխանությունն իրականացնելիս ժողովուրդն ու պետությունը սահմանափակված են այդ իրավունքներով եւ ազատություններով, որպես անմիջականորեն գործող օրենք»:

Վրաստանի գործող սահմանադրության երկրորդ գլուխը վերաբերում է մարդու իրավունքներին և ազատություններին: Խորհրդանշական է, որ սահմանադրության մեջ  իրավունքների մասին առաջին իսկ հոդվածը ընդունում է մարդու ազատությունն ու հավասարությունը ծնված օրվանից: Մասնավորապես, սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն.

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար օրենքի առջև, անկախ ռասայից, մաշկի գույնից, լեզվից, սեռից, կրոնից, քաղաքական և այլ հայացքներից, ազգային, էթնիկ և սոցիալական պատկանելությունից, ծագումից, գույքային և դասային վիճակից, կոչումից, բնակելի վայրից»:

Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն. «Կյանքը մարդու անկապտելի իրավունքն է, որը պաշտպանված  է օրենքով  , իսկ մահապատիժն  արգելված է»:  

Սահմանադրությամբ պաշտպանված է նաև մարդու արժանապատվությունն ու հարգանքը, նրա ազատությունն ու անձնական կյանքը: Ճանաչված է համոզմունքի, մտքի, խոսքի և դավանանքի, հանրահավաքների և ցույցերի ազատությունը, արդար դատաքննության իրավունքը, սեփականության իրավունքը և այլն: 

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Վրաստանում գործող ներպետական կարևոր ակտերն են «Խոսքի և արտահայտման ազատության վերաբերյալ» օրենքը, «Հանրահավաքներ և ցույցեր անկացնելու մասին» օրենքը, «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրենքը:

Հատկանշական է, որ Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության  ներպետական ակտերի հետ միասին կարևոր տեղ է զբաղեցնում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան, որի մասին ավելի ընդարձակ կխոսենք մյուս դասերին: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Սահմանադրությունից հետո հիերարխիայի այլ օրենսդրական ակտերից բարձր է, որը նշանակում է, որ եթե որևէ ներիրավական ակտ հակասում է կոնվենցիային, վարչական մարմինները և դատարանները կոնվենցիայով սահմանված  իրավունքի  պաշտպանության բարձր ստանդարտներով պետք է առաջնորդվեն:

Տեքստում փոփոխությունները կատարվել են 2023 թվականի նոյեմբերի 1-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում նշված փոփոխությունները չեն կատարվել:  

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ