«Քաղաքականությունըմիավորումէբոլորայնջանքերը, որոնքծառայում են կառավարությանմեջներգրավմանը կամազդեցությունենգործումիշխանությանբաշխմանվրա: Նշյալըհավասարապեսվերաբերումէինչպեսպետությունների միջև, այնպեսէլպետությաններսումտարբերխմբերիփոխհարաբերություններին»:
Քաղաքականությունը հունարեն “polis” (քաղաք-պետություն) և “techné” (գիտություն)բառերի միացությունն է և նշանակում է գիտությունպետության կառավարման մասին : Ժամանակակից ըմբռնմամբ, քաղաքականությունը ներառում է բոլոր այն գաղափարախոսությունները, ռազմավարություններն ու ակտիվությունները, որոնք առնչվում են պետության կառավարման և վերջինիս՝ այլ պետությունների հետ փոխհարաբերություններին:
Մաքիավելիի խոսքերով՝.«Ամեն ինչ քաղաքականություն չէ, թեև քաղաքականությունը հետաքրքրվում է ամեն ինչով»: Կարող ենք ասել, որ քաղաքականությունը ներառում է պետության մարմինների կառուցվածքի և փոխկախվածության հարցերը, տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտները, երկրի արտաքին հարաբերությունները, պաշտպանության ռազմավարություններն ու բազմաթիվ այլ հարցեր:
Քաղաքականությունն ունի նաև իր մասնակիցները: Առաջին հերթին, բնականաբար, ենթադրվում են քաղաքական գործիչները, որոնք մասնակցում կամ ցանկություն ունեն մասնակցելու երկրի կառավարմանը, նրա առաջնահերթությունների սահմանմանն ու կատարմանը: Որպրես օրենք, քաղաքական գործիչները միախմբվում են քաղաքական կուսակցություններում կամ հասարակական շարժումներում, որոնք իրենց ծրագրերում սահմանում են պետության զարգացման իրենց տեսլականը:
Քաղաքական գաղափարախոսություններ
Լայնըմբռնմամբ, քաղաքականությունըներառումէայնամենը, ինչ վերաբերում է ցանկացած սոցիալական կազմավորումների կազմակերպման ու գործելու սկզբունքների և կանոնների հաստատմանը և դրանց կատարման ապահովմանը: Այս հարցերի հաշվագրման և համակարգման արդյունքում ձևավորվում է քաղաքական գաղափարախոսություն, որը նկարագրում է պետության կառավարման և հասարակության կառուցվածքի ոճը, պետության/իշխանության և անհատի միջև փոխհարաբերություններն ու փոխկախվածությունը:
Ընդհանուր առմամբ, քաղաքական գաղափարախոսությունների և հոսանքների ցանկացած դասակարգում միայն պայմանական է և արտացոլում է միայն հիմնական միտումներ:
Ավանդաբար, քաղաքական գաղափարախոսությունները բաժանվում են աջակողմյան և ձախակողմյան հոսանքների, համաձայն նրա, թե որ արժեքներն են (ավանդական թե նորարարական) համարվում երկրի առաջընթացի և քաղաքացիների բարեկեցության ապահովմանը հասնելու լավագույն միջոցներ: Պատմականորեն, աջակողմյան-ձախակողմյան տերմինները կապված են Ֆրանսիայի հետհեղափոխական ժամանակաշրջանի հետ (1789 թ.): Նոր կազմավորված Ազգային Ասամբլեայում (խորհրդարան), թագավորական Վետոյի վերաբերյալ բանավեճեր վարելիս, Վետոյի կողմնակիցները՝ ազնվականներն ու եկեղեցու ներկայացուցիչները, գտնվում էին դահլիճի աջ, իսկ հակառակորդները՝ բուրժուազիայի ներկայացուցիչները, դահլիճի ձախ կողմում:
Աջակողմյան հոսանքը կենտրոնացված է ազգային, ավանդական արժեքների շուրջ և համապատասխանաբար, ավելի պահպանողական է: Աջակողմյաններն աջակցում են հզոր պետությանը, որի անկյունաքարն են ներկայացնում բարոյական արժեքները, իրավակարգի պաշտպանությունն ու անհատական պատասխանատվությունը:
Ձախակողմյան գաղափարախոսությունները, դասական ըմբռնմամբ, հիմնված են սոցիալական արդարության վրա և որպես հիմնական արժեքներ ընդունում են սոցիալական հավասարությունը, համերաշխությունն ու առաջընթացությունը:
Քաղաքական մտքի և ուսմունքների զարգացման հետ միասին, հաճախ տեղի է ունենում տարբեր գաղափարախոսությունների հատում կամ դրանց տարրերի համախմբում նոր քաղաքական հոսանքների, որոնք հաճախ հիշատակվում են, որպես ցենտրիստական (կենտրոնամետ), քանի որ միավորում և հավասարակշռում են պահպանողականների և լիբերալների (ազատամիտ) ձգտումներն ու արժեքները:
Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքական գաղափարախոսություններին, նրանք այնքան բազմաթիվ են, որ այստեղ կանդրադառնանք միայն հիմնական, ամենատարածված և հանրահայտ գաղափարախոսություններին:
Լիբերալիզմը (ազատականություն) ազատության և հավասարության գաղափարի վրա հիմնված քաղաքական գաղափարախոսություն է, որտեղ պետության շարժիչ ուժն է համարվում մարդու ազատ կամքը և հասարակության յուրաքանչյուր անդամի անհատական պատասխանատվությունը: Լիբերալ գաղափարախոսությունն ընդունում և հարգալից է վերաբերվում մարդու իրավունքներին, բաց է ցանկացած առաջադիմական նորարարության և բարեփոխության համար, ինչից ելնելով էլ երբեմն լիբերալ գաղափարախոսությունը հակադրում են պահպանողականության հետ: Լիբերալ գաղափարախոսության համաձայն պետությունը նվազագույն չափով պետք է միջամտի անհատների կյանքին և կառավարի միայն այն ոլորտները, որոնք չեն կարող կարգավորել անհատները:
Լիբերալիզմը, զուտ քաղաքական տեսանկյունից, նման է սոցիալիստական գաղափարախոսությանը, թեպետ գլխավոր և շատ կարևոր տարբերությունը նրանց միջև կայանում է մասնավոր սեփականության նկատմամբ վերաբերմունքի և անհավասարություննարմատախիլ անելու ուղիների մեջ: Լիբերալիզմի, որպես քաղաքական գաղափարախոսության, կողքին հաճախ հիշատակվում է լիբերալ, նույն շուկայական տնտեսությունը, որը կոչ է անումպետությանը նվազագույն չափով միջամտել մասնավոր սեփականությանը և արտադրությանը, ինչն արմատապես տարբերվում է սոցիալիստական մոտեցումից: Լիբերալիստական գաղափարախոսությունը հաճախ հիմք է ծառայում ժողովրդավարական պետությունների համար:
Կոնսերվատիզմը (պահպանողականություն) ավանդապես ասոցացվում է աջակողմյանների հետ և կարևորումհարգանքը դեպի հին ավանդական արժեքները: Համապատասխանաբար, պահպանողականները զգուշորեն են վերաբերվում կամ ընդհանրապես չեն ընդունում արմատական բարեփոխումների ուղին: Նրանք գտնում են, որ սոցիալական անհավասարությունը բնական երևույթ է և այն ուղղակի անհնար է արմատախիլ անել ամբողջապես: Պահպանողականների համար մասնավոր սեփականությունը սրբություն է և պետության կողմից որևէ ճանապարհով ներգրավվել այդ սեփականության մեջ կամ սահմանափակել այն, հավասարազոր է աղետի: Այս հարցում պահպանողականությունը հակասում է սոցիալիստական գաղափարախոսությանը: Պահպանողականությունն, ինչպես և լիբերալիզմը չի հակասում և չի ժխտում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, թեպետ, ի տարբերություն լիբերալիզմի, անձի ազատ կամքի և անհատական ազատություններից վեր է դասում հզոր պետությունը և առաջնահերթություն համարում անվտանգությունն ու կարգուկանոնը:
Սոցիալիզմը բավականին տարածված, տիպիկ ձախակողմյան քաղաքական գաղափարախոսություն է, որի գլխավոր հենարանն է հանդիսանում սոցիալական հավասարության, իսկ ավելի ստույգ՝ անհավասարությունը առավելապես նվազեցնելու գաղափարը: Սոցիալիստական գաղափարախոսության հետևորդների կարծիքով, պետությունը պետք է առավելագույն ուժեր գործադրի մարդկանց շրջանում սոցիալական անհավասարություննարմատախիլ անելու համար և այդ նպատակով պետական բյուջեի հաշվին օգնություն ցուցաբերի սոցիալապես անապահով և աշխատազուրկ անձանց: Սոցիալիզմը դեմ չէ մասնավոր սեփականությանը, սակայն գտնում է, որ բարեկեցության սկզբնակետը միևնույն է անցնում է պետական սեփականությամբ և պետության տնտեսական կարգավորումներով: Ինչպես նշեցինք, այս մոտեցումն արմատապես հակասում է լիբերալ տնտեսության գաղափարներին: Հեղինակներից շատերի կարծիքով, հավասարության և բարեկեցության համար սոցիալիզմի ձգտումը, առաջին հայացքից, կարող է գրավիչ թվալ, սակայն մի շարք պետությունների օրինակներից ելնելով հստակ երևում է, որ պետության միջամտությունը սոցիալական և տնտեսական հիմնախնդիրները լուծում է միայն կարճաժամկետ հեռանկարում, քանի որ ընդհանուր գումարի (բյուջեի) հաշվին նպաստներ տրամադրելն ու այս կամ այն տնտեսական գործունեության կանոնավոր սատարումը սոցիալական օգնության համար անհրաժեշտ ավելացած հարկերի պատճառով, ի վերջո, աղքատությունը հաղթահարելուց առավել, նպաստում է միջին խավի աղքատությանը:
Ֆաշիզմը արմատական աջակողմյան, տոտալիտար-սոցիալիստական գաղափարախոսություն է, որը ծնունդ է առել Իտալիայում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և իր գագաթնակետինհասել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում: Ֆաշիզմի գաղափարախոսությունը հիմնվում է ռասայական և/կամ ազգային առավելությունների վրա: Ֆաշիստները գտնում են, որ ազգը պետք է միավորվի սեփական ինքնության, ավանդույթների և սրբությունների պաշտպանության շուրջ և միասնաբար դիմակայի «թշնամուն», որի ցանկությունն է ոչնչացնել այդ ինքնությունը: Վերջապես, ֆաշիստական գաղափարախոսությունը հասնում է այն մակարդակի, երբ կեղծ հայրենասիրական կարգախոսների միջոցով և երևակայական «թշնամիների» դեմ պայքարի պատրվակով սահմանափակվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, հետապնդվում տարբերվող հայացքներ կամ ծագում ունեցող բոլոր անձինք:
Կոմունիզմը արմատական ձախակողմյան քաղաքական գաղափարախոսություն է, որըսոցիալիզմի որոշակի ծայրահեղ շարունակությունն է հանդիսանում և որի նպատակն է վերջնականապես արմատախիլ անել սոցիալական անհավասարությունը: Կոմունիզմը բացասում է ցանկացած մասնավոր սեփականության գաղափար, ժխտում ժառանգությունն ու ավանդույթները: Կոմունիստական գաղափարախոսությունը, առաջին հայացքից, կենտրոնացված է անհավասարությունն ու ճնշումը արմատախիլ անելու վրա, թեպետ նրա ռադիկալիզմի (արմատականություն) և մարդկային էությանը հակասող գաղափարներից ելնելով, իրականումպատկերվում է որպես մարդու իրավունքների խախտման և ազատ մտքի ճնշման վրա կենտրոնացած, տոտալիտար պետությունների գաղափարախոսություն:
Անարխիզմը (անիշխանություն) ուտոպիական (ցնորք) գաղափարախոսություն է, որի համաձայն ցանկացած իշխանություն ենթադրում է բռնություն անհատի նկատմամբ, ինչի պատճառով անարխիստները գտնում են, որ իշխանությունը, որպես այդպիսին, ընդհանրապես պետք է վերացնել: Անարխիստական գաղափարախոսության համաձայն, մարդիկ պետք է ապրեն ինքնակազմակերպված խմբերում, որտեղ որոշումների կայացումը կախված պետք է լինի անհատի ազատ կամքից: Անարխիզմը ուտոպիական է, քանզի նրա գաղափարախոսության մարմնավորումը անհնարին և անհավանական է:
Քաղաքական վարչակարգեր
Քաղաքական վարչակարգն այս կամ այն քաղաքական գաղափարախոսության վրա հիմնված պետության կառավարման ձևն է:
Ընդհանուր առմամբ, քաղաքական վարչակարգերը բաժանվում են ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական վարչակարգերի:
Ժողովրդավարական է վարչակարգը, երբ
- Կառավարություննիրականացվում է ժողովրդի կամ նրա կողմից օրինական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների կողմից:
- Այս կամ այն ոլորտում կամ հարցի շուրջ որոշումները կայացվում են նախատեսելով հասարակության և շահագրգռված անձանց կամ խմբերի կարծիքը:
- Իշխանության ճյուղերը միմյանցից առանձնացված են (տե՛ս՝ իշխանության բաշխման սկզբունք), բաշխված են տարբեր ինտիտուտների և մարմինների միջև, որոնք իրար վերահսկում և հավասարակշռում են:
- Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ճանաչված և իրականացված են (ժողովրդավարության մասին մանարամասն տե՛ս՝ համապատասխան գլխում):
Հակառակն է՝ոչ ժողովրդավարական վարչակարգը, որտեղ՝
- Իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի (բռնապետի) կամ անձանց խմբի (որպես օրենք՝ քաղաքական կուսակցության) ձեռքում, որոնց գլուխ նույնպես կանգնած է բռնապետը:
- Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, հատկապես՝ արտահայտվելու ազատությունը, անտեսված կամ երևակայական են:
Ոչ ժողովրդավարական քաղաքական վարչակարգերում, հիմնականում առանձնացնում են տոտալիտարիզմն (ամբողջատիրություն) ու ավտորիտարիզմը (իշխանավարություն):
Ոչ ժողովրդավարական վարչակարգերի վերոնշյալ հատկանիշներից բացի, տոտալիտարիզմին բնորոշ է՝
- Պետական գաղափարախոսությունը, որը ներառում, սահմանում և վերահսկում է հասարակությունը, անհատների կյանքի բոլոր բնագավառները, այդ թվում՝ անձնական կյանքը:
- Ռեպրեսիաները(բռնաճնշումները), որոնքծառայում են գերիշխող գաղափարախոսության հակառակորդների ոչնչացմանն ու այդ ճանապարհով հասարակության մեջ վախ սերմանելուն, ապագայում զանգվածային, կազմակերպված դիմադրությունից խուսափելու համար:
Տոտալիտար վարչակարգերը հիմնականում հիմնված են կոմունիստական (Խորհրդային Միություն) կամ ֆաշիստական (Գերմանիա 1933-1945 թվականներին) գաղափարախոսությունների վրա:
Այսօրվա դրությամբ, տոտալիտար պետության ակներև օրինակներից է Հյուսիսային Կորեայի Ժողովրդավարական Հանրապետությունը, որտեղ իշխում է Կիմ Ջոնգ Ունը, դաժան բռնապետ, որը ներկայացնում է բռնապետների երրորդ սերունդը (հայրը՝ Կին Չեն Իրը նույնպես միանձնյա էր կառավարում պետությունը և «Մեծ առաջնորդ» Կիմ Իլ Սոնգի որդին էր), որի ձեռքում կենտրոնացված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը: Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքները լիովին անտեսված են: Օրինակ՝ մարդկանց կարող են ձերբակալել կամ մահապատժի ենթարկել միայն այն պատճառով, որ բռնապետին տեսնելուց չեն արտահայտել պատշաճ ուրախություն:
Ավտորիտար պետությունում իշխանությունը նույնպես մեկ տեղում է կենտրոնացած, թեպետ ի տարբերություն տոտալիտարիզմի, ավտորիտար վարչակարգի հիմնական նպատակը կառավարող խմբի և բռնապետի իշխանության պահպանումն է, և ոչ թե պետական գաղափարախոսության գերիշխումը, համապատասխանաբար, հավանական է այնպիսի ոլորտների առկայությունը, որտեղ մարդկանց քիչ թե շատ տրվում է ազատ գործունեություն վարելու հնարավորություն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հակադրվել բռնապետի իշխանությանը կամ չեն հատել նրա շահերը: Ավտորիտար վարչակարգը նույնպես հաշվեհարդար է իրականացնում իրեն մրցակից համարող քաղաքական ընդդիմախոսների դեմ, սակայն տոտալ ռեպրեսիաների փոխարեն կիրառում է քողարկված, ոչ ֆորմալ մեթոդներ: Ավտորիտար պետությունը հնարավոր է երևակայորեն ճանաչի նաև մարդու իրավունքները, սակայն գործնականում դրանք կսահմանափակվեն բոլոր այն դեպքերում, երբ կցանկանա կառավարող խումբը կամ բռնապետը, կամ երբ այդպես կպահանջեն նրանց շահերը:
Ավտորիտար պետության օրինակներից է Ռուսաստանի Դաշնությունը, որն, ըստ սահմանադրության, ժողովրդավարական պետություն է,նույնիսկ եղել է Եվրախորհրդի անդամ մինչև 2022 թվականի մարտ ամիսը: 2022 թվականի մարտին Ուկրաինա ներխուժելու և մարդու իրավունքները մասսայական խախտելու հիման վրա Ռուսաստանի Դաշնությանը վտարեցին Եվրախորհրդից: Ռուսաստանում թեև այնտեղ գերիշխում է մեկ անձի՝ Պուտինի ռեժիմը, որը 1999 թվականից փաստացիորեն միանձնյա կառավարում է երկիրը: Ռուսաստանում մարդու իրավունքները, հատկապես արդար դատավարության իրավունքը, հանրահավաքների և արտահայտման ազատությունը, առավելագույն կերպով սահմանափակված են: Սրա հետ մեկտեղ, ելնելով Ռուսաստանի Դաշնության կայսերապաշտական գաղափարախոսությունից և քաղաքական ընդդիմախոսների կամ ազատ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հաշվեհարդար իրականացնելուց, ռուսական պետության ռեժիմը, որոշ առումներով, պարունակում է նաև տոտալիտար պետության նշաններ:
21-րդ դարի սկզբին տոտալիտար և ավտորիտար քաղաքական վարչակարգերի ֆոնին ի հայտ եկավ քաղաքական վարչակարգի համեմատաբար նոր տեսակ, որը կոչվում է ոչ լիբերալ դեմոկրատական վարչակարգ։ Ոչ լիբերալ դեմոկրատական վարչակարգն էապես կապված է ավտորիտարիզմի հետ, քանի որ իշխող թիմի հիմնական նպատակնիշխանությունը պահպանելն է։ Թերևս դրանց տարբերությունն այն է, որ ոչ վերբալ ժողովրդավարական վարչակարգերն իշխանությունը կարողանում են պահպանել ժողովրդավարական ինստիտուտների կիրառմամբ: Պարադոքսային է, թերևս այսպիսի քաղաքական վարչակարգի առաջնորդները ժողովրդավարական ինստիտուտները սեփական իշխանությունը պահպանելու նպատակով են իրենց ենթարկեցնում և հետագայում դրանց օգնությամբ հասնում են քաղաքական նպատակների: Ոչ լիբերալ ժողովրդավարական վարչակազմի օրինակ է Հունգարիան, որտեղ իշխանության պարագլուխը 2010 թվականից Ֆիդեշի կուսակցությունն է, որը ղեկավարում է վարչապետ Վիկտոր Օրբանը:
Տեքստում փոփոխությունները կատարվել են 2023 թվականի նոյեմբերի 6-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեսահոլովակում նշված փոփոխությունները չեն կատարվել: