«Ընտանիքում բռնությունը ենթադրում է ընտանիքի մի անդամի կողմից մյուսի սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտում արհամարհական և/կամ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեռական բռնությամբ կամ հարկադրաբար»:
Վրաստանի օրենքը «Կանանց նկատմամբ բռնության կամ և/կամ ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և օգնության մասին», Հոդված 3
Ընտանիքում բռնությունն ավելի հաճախ տեղի է ունենում զուգընկերների միջև: Այդպիսի բռնությունը, որպես օրենք, ունի պարբերական բնույթ և հետապնդում է մի անձին մյուսին ենթարկելը, պահել նրան իր ազդեցության և հսկողության տակ:
Բռնության զոհ կարող են դառնալ բոլորը՝ ցանկացած անձ, ցանկացած ռասայի, սոցիալ-տնտեսական խմբի, սեռական կողմնորոշման, տարիքի, գենդերային նույնականության թե կրոնի ներկայացուցիչները: Բռնություն կարող է լինել ամուսնացած, միասին ապրող կամ ուղղակի հանդիպող ցանկացած զույգի միջև:
Ընտանեկան/զուգընկերների միջև բռնությունը ներառում է վարքագծերի շատ լայն շրջանակ, որտեղ ընգրկված են ֆիզիկական, սեռական, հոգեհուզական և տնտեսական բռնությունները: Հետազոտությունները փաստում են, որ զոհերի մեծամասնությունը կանայք են, իսկ բռնացողները՝ տղամարդիկ:
Հաճախ ընտանիքում/զուգընկերների միջև բռնության պարբերական բնույթը գիտակցելու համար, կիրառում ենք իշխանության և վերահսկողության անիվի պատկերը, որտեղ պարզ երևում է, թե ինչպիսի արարք կարող է հանդիսանալ բռնությունը:
Իշխանության և վերահսկողության անիվ
Ֆիզիկական և սեռական բռնությունն ամենասուր տեսակի բռնությունն է: Հաճախ, որտեղ կա ֆիզիկական բռնություն, առկա է նաև սեռական բռնությունը, քանի որ բռնացողը չի փոխվում նույնիսկ ննջարանի շեմն անցնելուց հետո: Ֆիզիկական և սեռական բռնության առկայության դեպքում, այլ տեսակի ավելի թեթև բռնության արարքներից անգամ զոհը տագնապում է: Օրինակ՝ նվաստացուցիչ անվամբ դիմելը, ինչը տհաճություն է պատճառում մարդուն, այն զույգերի մոտ, որտեղ չկա բռնություն, կարգավորվում է սովորական զրույցի միջոցով՝ զույգերից մեկը մյուսին բացատրում է, որ նման դիմելաձևը իրեն տհաճություն է պատճառում, գալիս են համաձայնության և միջադեպն ավարտվում է: Սակայն երբ նվաստացուցիչ անվամբ զոհին դիմում է բռնացողը, զոհը չի համարձակվում պատասխանել, քանի որ այդ պատասխանը կարող է նրա վրա շատ թանկ նստել: Համապատասխանաբար, առանձին վերցրած տհաճ միջադեպերը, որոնք սովորական զույգը շատ հեշտ է կարգավորում, պրոբլեմատիկ զույգի մոտ ձևավորում և հաստատում են բռնության համակարգ:
Իշխանության և վերահսկողության անիվն օգտակար գործիք է տեսնելու համար, թե ինչպես է աշխատում բռնությունը: Ֆիզիկական և սեռական բռնությունը հաճախ ուղեկցվում է թեթև բռնի վարքագծի դրսևորմամբ: Ֆիզիկական և սեռական բռնության հետ համեմատ, դրանք դժվար նկատելի են, սակայն մեծ դեր են խաղում տևական բռնության մոդելի ձևավորման գործում:
Հարկադրանք և սպառնալիք
- Սպառնում է, որ ցավ կպատճառի
- Սպառնում է, որ կլքի, ինքնասպանություն կգործի
- Հարկադրում է, դիմումը հետ վերցնել ոստիկանությունից
- Հարկադրում է, իրագործել ապօրինի գործողություն
Ահաբեկում
- Զուգընկերոջը վախեցնում է հայացքով, արարքով, ժեստերով
- Ջարդում է իրերը
- Ոչնչացնում է զուգընկերոջ իրերը և/կամ սեփականությունը
- Բռնություն է գործադրում կենդանիների նկատմամբ
- Վախեցնելու նպատակով ցույց է տալիս զենք
Հոգեբանական բռնություն
- Նվաստացնում է զուգընկերոջը
- Ստիպում է զուգընկերոջը վատ կարծիք ունենալ իր անձի մասին
- Դիմում է նվաստացուցիչ անուններով
- Ամեն ինչ անում է, որպեսզի զուգընկերը մտածի, որ խելագարն անձամբ ինքն է
- Կիրառում է հոգեբանական բռնության տարբեր մեթոդներ
- Զուգընկերոջը ստիպում է իրեն մեղավոր զգալ
Տնտեսական բռնություն
- Խանգարում է զուգընկերոջը փնտրել և/կամ պահպանել աշխատանքը
- Ստիպում է զուգընկերոջը իրենից գումար խնդրել
- Վերցնում է զուգընկերոջ գումարը
- Զուգընկերոջը չի տեղեկացնում կամ իրավունք չի տալիս օգտվել ընտանեկան ընդհանուր բյուջեից
Սեփական արտոնությունների կիրառում
- Զուգընկերոջը վերաբերվում է որպես ծառայի
- Վարվում է ինչպես տիրակալ
- Անձամբ է սահմանում կնոջ և տղամարդու դերերը
Մեկուսացում
- Վերահսկում է, թե ուր է գնում զուգընկերը, ում է հանդիպում, ում հետ է զրուցում, ինչ է անում, ինչ է կարդում
- Նվազեցնում է զուգընկերոջ ներգրավվածությունը հասարակության մեջ
- Խանդով փորձում է արդարացնել իր արարքը
Երեխաների օգտագործումը
- Ստիպում է զուգընկերոջը երեխաների մոտ իրեն մեղավոր զգալ
- Երեխաներին այցելելն օգտագործում է զուգընկերոջը նվաստացնելու համար
- Սպառնում է զուգընկերոջը զրկել երեխաներից
Նվազագույնին հասցնելը, հերքելն ու մեղադրելը
- Բռնությունը մանրուք է համարում և անլրջորեն է ընկալում զուգընկերոջ տագնապը
- Հերքում է բռնության փաստերը
- Բռնության պատասխանատվությունը բարդում է զուգընկերոջ վրա
- Մեղադրում է զուգընկերոջը բռնության պատճառ դառնալու մեջ
Կանխարգելում
Ընտանիքում բռնության կանխարգելման մեխանիզմներն ենթադրում են սոցիալական, տնտեսական, իրավական և այլ միջոցառումների միասնություն, որոնց ուղղությունն է՝ խուսափել կանանց նկատմամբ բռնության և/կամ ընտանիքում բռնության պատճառներից և նախապայմաններից, կանխարգելել բռնությունը, հետապնդել բռնացողին, ուղղել նրա վերաբերմունքն ու վարքը, զոհին ենթարկել ռեաբիլիտացիայի (վերականգնում) և ադապտացիայի (հարմարեցում):
Պետությունը պարտավոր է նպաստել և ապահովել կանանց նկատմամբ բռնության և/կամ ընտանիքում բռնության կանխարգելման մեխանիզմների արմատավորումն ու իրականացումը:
Կանանց նկատմամբ բռնության և/կամ ընտանիքում բռնության կանխարգելման միջոցառումների իրագործումն, իրենց իրավասության շրջանակներում, համաձայն «Կանանց նկատմամբ բռնության և/կամ ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և օգնության մասին» Վրաստանի օրենքի, ապահովում են Վրաստանի բռնազավթած տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վրաստանի դատախազության մարմինները և դատական մարմինները:
Ի՞նչ կարող ենք անել մենք:
Փախչել բռնի հարաբերություններից այնքան էլ հեշտ չէ: Գոյություն ունեն բռնի հարաբերություններում մնալու բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ, այդ թվում վախի գործակիցը, որ բռնի հարաբերություններից հեռանալը կարող է վտանգ ներկայացնել զոհի համար:
Բռնությունը ենթադրում է վերահսկողություն ու իշխանություն, այդ պատճառով ընկերոջդ կամ ընտանիքիդ որևէ անդամին օգնելու կարևոր ուղիներից մեկը նրան ուժեղ դարձնելն է, որպեսզի նա անձամբ կայացնի որոշում և անձամբ սկսի պայքարել սեփական իրավունքների համար: Բացի այդ, բռնի հարաբերություններում գտնվող անձանց օգնություն կարող ես ցուցաբերել նաև հետևյալ ձևով.
- Գիտակցի՛ր, որ այդ անձը ծանր վիճակում է: Պատրա՛ստ եղիր նրան աջակցելու և լսելու համար:
Ասա՛ նրան, որ նա մեղավոր չէ բռնության համար: Փորձի՛ր համոզել, որ մենակ չէ և նրան հնարավոր է օգնել: Նրա համար հնարավոր է ծանր լինի զրուցել բռնության մասին: Համոզի՛ր, որ պատրաստ ես լսել նրան և օգնել, երբ անձամբ պատրաստ կլինի: Նրա համար շատ կարևոր է, որպեսզի լինի մեկը, ով կարող է լսել իրեն:
- Չ՛դատապարտես:
Հարգալից վերաբերվիր ընկերոջդ կամ ընտանիքիդ անդամի որոշմանը, կան շատ պատճառներ, որոնցից ելնելով նա մնում է բռնի հարաբերություններում: Նա կարող է բազմիցս հեռանալ, սակայն կրկին վերադառնալ այդ հարաբերությանը: Մի՛ քննադատիր նրա որոշումը և մի՛ փորձիր մեղադրել: Այդ իրավիճակում նրան ամենից շատ քո օգնությունն է հարկավոր:
- Եթե նա լքել է այդ հարաբերությունը, աջակցիր նրան դրանից հետո ևս:
Չնայած նրան, որ հարաբերությունը բռնի էր, ընկերդ այնուամենայնիվ կարող է մենակ և տխուր զգալ իրեն, այդ ժամանակահատվածում նրան հարկավոր կլինի հատկապես քո օգնությունը:
- Աջակցիր, որպեսզի ժամանակն անցկացնի ընկերական և ընտանեկան մթնոլորտում:
Բռնության դեպքում զոհի համար շատ կարևոր է աջակցությունը, ընկերների և ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելով նա կունենա այն զգացումը, որ նրան սիրում են և հոգ տանում նրա մասին:
- Օգնիր ծրագրել անվտանգ ավարտել հարաբերությունը
Օգնիր մշակել ծրագիր, որը կկիրառի հարաբերությունից հեռանալիս:
- Աջակցի՛ր, որպեսզի զրուցի այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնություն առաջարկել:
Փորձիր բացատրել ընկերոջդ կամ ընտանիքիդ անդամին, որ կան կազմակերպություններ, որտեղ նա կարող է ստանալ անվճար իրավաբանական և հոգեբանական աջակցություն: Ասա, որ պատրաստ ես օգնել, որպեսզի կապվի նրանց հետ, գտի՛ր նրա համար նման կազմակերպություններ:
- Հիշի՛ր, որ դու չես կարող «փրկել» նրան:
Որքան էլ բարդ տեսարան լինի սիրելի մարդուն բռնի հարաբերություններում տեսնելը, հիշի՛ր, որ նա միակն է, ով կարող է որոշում կայացնել: Աջակցիր նրան, ցանկացած որոշման դեպքում և փորձիր լինել նրա կողքին, որպեսզի օգնես գտնել դեպի խաղաղություն և անվտանգություն տանող ճանապարհը:
Պետք է հիշես նաև, որ ոչ մի դեպքում չի թույլատրվում բացահայտել ընկերոջդ կամ ընտանիքիդ անդամի գտնվելու վայրը այն սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Ֆեյսբուքը կամ Թվիթթերը: Հիշի՛ր, որ բռնի հարաբերություններից հեռանալը շատ վտանգավոր է, մի՛ գրիր Ֆեյսբուքում այն մասին, թե որտեղ ես գտնվում նրա հետ և այլն:
Եթե դուք դարձել եք ընտանեկան բռնության զոհ կամ ունեք տեղեկատվություն ընտանիքում բռնության վերաբերյալ, խնդրում ենք զանգահարել «112» արտակարգ իրավիճակների միասնական համարին, 24/7 ժամվա ընթացքում: Ինչպես նաև խորհրդատվություն ստանալու համար զանգահարեք թեժ գիծ, հետևյալ հեռախոսահամարով՝ 116 006: