Գլուխ 1, Դաս 7

Քաղաքացիական բնակչությունը պատերազմի ժամանակ և միջազգային մարդասիրական իրավունքը

«Չնայած նրան, որ բոլոր փախստականների պատմությունները տարբեր են ու տառապանքներն  անհատական, նրանք միավորված են արտասովոր  քաջության ընդհանուր գաղափարի շուրջ՝ քաջության, ոչ միայն փրկության համար, այլև փշուրների վերածված սեփական կյանքը վերականգնելու պայքարում»:

Անտոնիո Գուտերեշ, 2005-2015 թվականերին փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար, ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար:

Քաղաքացիական բնակչությունը պատերազմի ժամանակ, ներքին տեղահանվածներն ու փախստականները

Չնայած նրան, որ քաղաքակիրթ պետությունների զգալի ջանքերն ուղղված են պատերազմներն   ու դրանց սարսափելի հետևանքները կանխելուն, ցավոք, միշտ չէ, որ դա նրանց հաջողվում է: Ռազմական գործողությունների պատճառով վտանգ է սպառնում մարդկանց կյանքին, ապրելակերպին, սեփականությանը: Այդ ժամանակ բնակչությունը ստիպված է լինում լքել բնակավայրն ու վերածվել ներքին տեղահանվածի կամ փախստականի:

Հաճախ ներքին տեղահանված և փախստական բառերն  որպես հոմանիշ են գործածում, սակայն դա սխալ է:

Փախստական է կոչվում օտարերկրյա  կամ քաղաքացիություն չունեցող անձը, որը գտնվում է իր ծննդավայրից  (երկրից)  դուրս, ունի հիմնավորված վախ, որ կարող է դառնալ հետապնդման զոհ՝ ռասայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքներիպատճառով: Վախից դրդված չի կարող կամ չի ուզում վերադառնալ իր ծննդավայր կամ օգտվել այդ երկրի պաշտպանությունից:

Վրաստանի օրենսդրությամբ ներքին տեղահանված (բռնի տեղահանված անձ) է համարվում Վրաստանի քաղաքացի կամ Վրաստանում կարգավիճակ ունեցող քաղաքացիությունից զուրկ անձը, որը ստիպված եղել լքելմշտական բնակավայրը, քանի որ օտար երկրի կողմից բռնագրավման, ագրեսիայի, զինված հակամարտության, համընդհանուր բռնության և/կամ մարդու իրավունքների զանգվածային խախտման պատճառով վտանգվել է իր կամ իր ընտանիքի անդամների կյանքը, առողջությունը կամ ազատությունը, և/կամ, վերոնշյալ պատճառները նախատեսելով, հնարավոր չէ նրա՝ մշտական բնակավայր վերադառնալը:

1951 թվականի հուլիսի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, 1950 թվականի դեկտեմբերի 14-ի բանաձևի հիման վրա, ընդունեց «Փախստականների կարգավիճակի մասին»  կոնվենցիան(համաձայնագիր): Նշված կոնվենցիային  Վրաստանը միացել է 1999 թվականի մայիսի 28-ին: Կոնվենցիայի համաձայն՝ բոլոր փախստականները պարտավոր են ենթարկվել իրենց ապաստան տված երկրի օրենսդրությանը և հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներին: Միաժամանակ պայմանավորվող կողմերըպարտավորվում են  կոնվենցիայի  դրույթները փախստականների նկատմամբ կիրառել առանց ռասայի, կրոնի կամ ծննդավայրի (երկրի) խտրականության։Իրենց տարածքում գտնվող փախստականներին սեփական կրոնն ազատորեն դավանելու և սեփական երեխաների կրոնական ազատ դաստիարակության տեսանկյունից, առնվազն, կստեղծեն այնպիսի բարենպաստ միջավայր, ինչպես  իրենց քաղաքացիներին։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստը 1949 թվականին որոշում կայացրեց, որ 1951 թվականի հունվարի մեկից պետք է գործեր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR): 1950 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի ասամբլեային ընդունեցին նշված հանձնակատարի գրասենյակի  կանոնադրությունը, այդ է պատճառը որ հաճախ հենց այդ օրն են համարում հանձնակատարի գրասենյակի հիմնադրման օր: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի շտաբ-բնակարանը գտնվում է Ժնևում, իսկ նրա ներկայացուցչությունները՝ աշխարհի շատ քաղաքներում և կոնֆլիկտային տարածաշրջաններում, այդ թվում՝ Վրաստանում: 

Պատերազմն ու միջազգային մարդասիրական իրավունքը

Մարտական գործողությունների ժամանակ պատերազմի զոհերի, այդ թվում ռազմագերիների, վիրավորների, քաղաքացիական բնակչության, զոհվածների պաշտպանության համար գործում է Միջազգային մարդասիրական իրավունքը: Մարտական գործողությունների ժամանակ քաղաքացիների պաշտպանության մասին նորմերը ներկայացված են «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի 1949 թվականի 4-րդ կոնվենցիայում և «Միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանության մասին» ու «Ոչ միջազգային զինված հակամարտությունների զոհերիպաշտպանության մասին»   1977 թվականի լրացուցիչ արձանագրություններում:  

Համաձայն նշված փաստաթղթերի՝հակամարտող կողմի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և պաշտպանության ապահովման նպատակով, հակամարտության մասնակից կողմերը միշտ պետք է տարբերեն քաղաքացիական բնակչությունն ու կոմբատանտներին (զինվոր), քաղաքացիական ու ռազմական օբյեկտները և, համապատասխանաբար իրենց գործողությունները վարեն միայն ռազմական օբյեկտների դեմ:

Համաձայն կոնվենցիայի՝ հակամարտող բոլոր կողմերն անմիջականորեն չեզոք պետության կամ մարդասիրական կազմակերպության միջոցով, կարող են դիմել հակառակորդ կողմին՝ առաջարկելով պատերազմական գործողությունների շրջաններում ստեղծել չեզոք գոտիներ, հիվանդ կամ վիրավոր կոմբատանտներին, ինչպես նաև ոչ կոմբատանտներին, ռազմական գործողություններին չմասնակցող քաղաքացիական անձանց մարտական գործողությունների հետ կապված սպառնացող վտանգից    պաշտպանելու համար:

Պատերազմի ժամանակ արգելված է կիրառել քաղաքացիական բնակչությանը սովի մատնելու, որպես պատերազմ վարելու մեթոդը: Արգելված է ոչնչացնել, շարքից հանել  քաղաքացիական բնակչությանգոյատևման համար անհրաժեշտ սննդի պաշարի, մթերք արտադրող գյուղատնտեսական շրջանների, ցանքերի, ապրանքի, տավարի, խմելու ջրի մատակարարման օբյեկտները:

Ռազմական գործողություններից բացի քաղաքացիական բնակչությանը կարող է սպառնալ հակառակորդի իշխանության տակ ընկնելու վտանգը, ինչը, սովորաբար պայմանավորված է նրա տարածքում հակառակորդի ներկայությամբ: Մարդասիրական իրավունքի նորմերով քաղաքացիական բնակչության նկատմամբճնշում գործադրելը նույնպես արգելվում է: 

Միջազգային մարդասիրական իրավունքը պաշտպանում է պատերազմի զոհերի կյանքն ու արժանապատվությունը: Պաշտպանության տակ գտնվող անձինք ցանկացած հանգամանքներում իրավունք ունեն պահանջել հարգալից վերաբերմունք իրենց անձի, արժանապատվության, ընտանեկան իրավունքների, կրոնական դավանանքի ու ծեսերի, սովորույթների ու ավանդույթների նկատմամբ, նրանց միշտ պետք է վերաբերվեն մարդիսիրաբար, պաշտպանեն բռնության ու սպառնալիքի ցանկացած գործողությունից, վիրավորանքից ու մարդկանց  հետաքրքրասիրությունից:

Պաշտպանության ներքո գտնվող անձանց նկատմամբ  չի թույլատրվում կիրառել  ֆիզիկական կամ բարոյական հարկադրանքի որևէ միջոց, նրանցից կամ երրորդ անձից տեղեկատվություն ստանալու նպատակով:

Արգելված էնաև պաշտպանության ներքո գտնվող անձանց որևէ դրդապատճառով պայմանավորված անհատական կամ զանգվածային բռնիտեղահանումը կամ դեպորտացիան (բռնարտաքսում) օկուպացված երկրից օկուպանտ պետություն կամ ցանկացած այլ օկուպացված կամ ոչ օկուպացված երկրի տարածք:

 Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման դեպքում պատասխանատվություն է կրում, ինչպես հրամանտվողը, այնպես էլ հրամանը  կատարողը:

 

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ