Գլուխ 3, Դաս 29

Առողջ ապրելակերպն ու սոցիալական հիվանդությունները

Առողջ ապրելակերպ՝ ճիշտ սննդակարգ  և չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Ճիշտ սննդակարգի  հիմնական սկզբունքները

Բոլոր մարդկանց անհրաժեշտ է կալորիաներիորոշակի քանակ, որոնք վերածվում են էներգիայի և ապահովում օրգանիզմի գործունեությունը: Առողջության համար կալորիաների քանակի հետ ոչ պակաս կարևոր է, թե ինչպիսի սննդից ենք ընդունում դրանք: 

 Ծանր ֆիզիկական աշխատանքով չզբաղվող չափահաս տղամարդուն օրական անհրաժեշտ է մոտավորապես 2500-2700 կալորիա, իսկ չափահաս կնոջը՝ 2000-2200 կալորիա: Որքան ավելի մեծ է ֆիզիկական ակտիվությունը, այնքան ավելի շատ կալորիա է պահանջում օրգանիզմը: Համապատասխանաբար,  արհեստավարժ մարզիկներն ու հատուկ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունեցող մարդիկ կարող են ընդունել վերոնշյալ միջին ցուցանիշից ավել կալորիա:

Ոչ պակաս կարևոր է, թե ինչ տեսակ սննդից ենք ստանում անհրաժեշտ էներգիա: Այսօրվա դրությամբ  համաշխարհային առողջապահության կարևորագույն հիմնախնդիրներից մեկն անառողջ սնունդն է՝ շաքարի և աղի գերազանցող քանակը, կիսաֆաբրիկատները,  գազավորված քաղցր ըմպելիքները և այլն, որոնք համարվում են բնակչության մեծամասնության ամենօրյա սնունդը, այն դեպքում, երբ նման մթերքների պարբերասբար օգտագործումն առողջության համար լուրջ խնդիրներ է առաջացնում:

Ամերիկայի առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունը հինգ տարին մեկ անգամ հրապարակում է  սննդի ձեռնարկ,  որն ընդգրկում է հանձնարարականներ ճիշտ սննդակարգի վերաբերյալ: Ձեռնարկում ամենօրյա սննդամթերքը,  գծապատկերված  է ափսեի վրա: Վերջին հանձնարարականների համաձայն՝ առողջ մարդու ամենօրյա սննդամթերքի կեսը պետք է կազմի բանջարեղենը (մոտ 30%) և միրգը (մոտ 20%), հացահատիկային մթերքների մասնաբաժինը օրական նորմայում կազմում է 30%, իսկ մնացած 20 %-ը պետք է լրացվի սպիտակուցային սննամթերքներով: Խորհուրդ է տրվում նաև ամեն օր ընդունել կաթնամթերքներ:

Սպորտն ու ակտիվ հանգիստը 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով   ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունն աշխարհում մահվան առիթ հանդիսացող պատճառների մեջ առաջատարներից մեկն է, թեև նույն աղբյուրի համաձայն, աշխարհի երիտասարդության 80%-ը  ֆիզիկապես  ոչ բավարար կերպով է ծանրաբեռնված: Այդ իսկ պատճառով առողջ ապրելակերպի երկրորդ կարևոր բաղադրիչը ճիշտ սննադակարգի հետ հանդիսանում է նաև չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Նշյալը ենթադրում է ոչ միայն որևէ սպորտաձևով զբաղվածություն, այլև ցանկացած ֆիզիկական ուժերի գործադրում՝ ոտքով քայլել, հեծանիվ քշել, աշխատել այգում, բանջարանոցում և այլն:   

Պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարելավում է ներքին օրգանների վիճակը, նվազեցնում բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում, չարորակ ուռուցքների որոշ տեսակների զարգացման հավանականությունը, նվազեցնում կոտրվածքներն ու ողնաշարի վնասվածքների ռիսկը: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս,  որ 5-17 տարեկան երեխաներն ու երիտասարդները զբաղվեն օրական նվազագույնը մեկ ժամ, իսկ 18 տարեկանից բարձր անձինք՝  առնվազն 150 րոպե տևող շաբաթական միջին կամ ինտենսիվ (արդյունավետ) ֆիզիկական ակտիվությամբ:

Սոցիալական հիվանդություններ  

Վրաց երիտասարդության շրջանում վնասակար նյութեր օգտագործելու վերաբերյալ վերջին մասշտաբայինհետազոտությունն անցկացվել է 2015 թվականի նոյեմբերին և արտացոլված է ալկոհոլ, ծխախոտ և այլ թմրանյութեր օգտագործելն  ուսումնասիրող Եվրոպայի դպրոցական հետազոտության մեջ, որին մասնակցել են 190 դպրոցների 10-րդ դասարանների աշակերտներ:  

  Հետազոտության արդյունքները բավականին ծանր են.

  • Վրացի աշակերտների շրջանում կյանքի ընթացքում ծխախոտի սպառումը կազմում է 80%:
  • Աշակերտների 85%-ը (տղաների 86% և աղջիկների 83%) նշել է, որ ամբողջ կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ օգտագործել է ալկոհոլ: 
  • Աշակերտների 11%-ը նշել է, որ կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ փորձել է մարիխուանա կամ հաշիշ (կանեփ):
  • Աշակերտների 4%-ը  կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ապրել է էքստազ (ինքնամոռաց հիազմայլանք):
  • 2 %-ը  կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ փորձել է ամֆետամին և կոկաին:

 

Թմրամոլություն 

«Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, պրեկուրսորների (պատրաստուկների) և նարկոլոգիական օգնության մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ թմրամիջոցը բնական կամ սինթեզային ծագում ունեցող նյութ, այդ նյութը պարունակող բույս կամ պատրաստուկ է, որը ՄԱԿ-ի կոնվենցիաների  համապատասխան, ընդգրկված է Վրաստանի հատուկ վերահսկողության ենթակա թմրամիջոցների ցուցակում: Այդ նյութերի պատրաստումը, օգտագործումը կամ վաճառքը, բացառությամբ գիտահետազոտական և փորձաքննական գործունեության, արգելված է և պատժելի է քրեականորեն:

Թմրամոլությունը լուրջ խնդիր է հանդիսանում, ինչպես Վրաստանի, այնպես էլ աշխարհի մասշտաբով: Թմրամինյութերից կախվածություն ունեցող անձինք հաճախ անաշխատունակ են, ուժեղ կախվածությունը նրանց հանցագործության է դրդում:  Թմրանյութեր օգտագործողների շրջանում վարակիչ հիվանդությունների տարածման  ու մահացության ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան բնակչության մյուս շրջանում: Առավել ցավալի է, որ թմրանյութեր օգտագործողները, հիմնականում երիտասարներ են:

Վերոնշյալից ելնելով՝ բոլոր երկրները ձգտում են մշակել թմրամոլության դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Որոշ երկրներ, այդ թվում Վրաստանը, թմրամոլության դեմ պայքարում են խստացնելով  քրեական քաղաքականությունը, թեև անարդյունք: Որոշ երկրներում գտնում են, որ ապաքրեականացնելով, ինչպես նաև  օրինականացնելով թմրամոլությունը, կունենան թմրադեղերի իրացման շուկան և սպառողների թիվը վերահսկելու ավելի շատ լծակներ, առավել արդյունավետ կերպով կարող են անցկացնել կանխարգելիչ միջոցառումներ ու իրազեկության  բարձրացման քարոզարշավներ: Նշված տեսակետը, հատկապես թեթև թմրանյութերի (մարիխուանա) հետ կապված, հաճախ քննարկվում է նաև Վրաստանում: Ինչ վերաբերում է ծանր թմրանյութերին (հերոին, կոկաին), ժամանակակից մոտեցումով, դրանց սպառողներն, առաջին հերթին, բուժման և սոցիալական ադապտացիայի (հարմարեցում, ընտելացում) առումով, ավելի շատ աջակցության կարիք ունեն, իսկ նրանց բանտարկելը ոչ թե լուծում  է  հիմնախնդիրը, այլ ընդհակառակը՝ ավելի է սրում:   

Այժմ Վրաստանում գործում է թմրամոլության պետական ծրագիր , որը մատչելի է 18-25 տարեկան հիվանդների համար: Ծրագրի նպատակն է թմրամոլությամբ հիվանդ անձնաց ապահովել բուժմամբ, առողջության վերականգնմամբ  փոխարինող թերապիայով և փոխարինելի թմրադեղերով:  

  Ալկոհոլ

Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը ալկոհոլի սպառումը զարգացած երկրներում ճանաչել է որպես առողջության թիվ մեկ վտանգ:  Կազմակերպության տվյալներով ամեն տարի ալկոհոլի օգտագրծումից մահանում է  3,3 միլիոն մարդ:

Ալկոհոլի սպառումը Վրաստանում մասշտաբային բնույթ է կրում: Եվրոպայի մասշտաբով անցկացված հետազոտության համաձայն՝ վրացի դեռահասները ալկոհոլի սպառման մեջ առաջին տեղում են գտնվում (հարցվողների 72%): Մեր երկրում ալկոհոլը ցանկացած իրադարձության կամ միջոցառման անբաժան մասն է կազմում: Համապատասխանաբար, երկրի բնակչության մեծ մասը պարբերաբար օգտագործում է ալկոհոլ, առանց մտածելու այդ երևույթի վնասակար հետևանքների մասին:

Ալկոհոլի պարբերական օգտագործումը միշտ չէ որ հարբեցողություն է նշանակում, թեև ոչ պակաս վտանգավոր է առողջության համար. նվազեցնում է ուղեղի ակտիվությունը, սրում դեպրեսիվ երևույթներն ու ինքնասպանություն գործելու հակումը: 

Ծխախոտ

Ծխախոտի սպառումը նույնպես չափազանց տարածված երևույթ է Վրաստանում, այդ թվում, երիտասարդության շրջանում, չնայած նրա, որ անչափահասներին ծխախոտ վաճառելը ապօրինի է համարվում: Ցավոք, ծխախոտ ծխելը երիտասարդների շրջանում կրկին «ռոմանտիզացված« է և ծնողների նկատմամբ անհնազանդության և անկախության խորհրդանիշն է հանդիսանում, ինչը, ենթադրաբար, կոնկրետ ծնողների սխալ վարվելակերպի արդյունքն է: Արգելելու և սպառնալու փոխարեն առավել արդյունավետ կլինի երիտասարդներին բացատրել, թե որքանով վնասակար է ծխելը հատկապես վաղ տարիքում:

Ծխախոտի սպառումը կրճատելու նպատակով 2018 թվականի մայիսի 1-ից արգելվում է ծխել բոլոր հանրային վայրերում, այդ թվում, բար-սրճարաններում և գիշերային ակումբներում:   

 

 

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ