Ունակությունը մարդու բնատուր (ֆիզիկական և հոգեկան)կարողությունն է, պոտենցիալը, որը նրան տվում է ծնված օրվանից: Ունակությունը տրվում է միայն կարողության, պոտենցիայի տեսքով և դրա հետագա զարգացումը կախված է նրանից, թե որքանով է տրվում մարդուն այդ ունակությունը զարգացնելու հնարավորություն: (Օրինակ՝ համապատասխան վարժեցումը, կենսական պայմաններն ու պահանջները և այլն):
Հմտություն անվանում են բազմակի կրկնությամբ ձեռք բերված քիչ թե շատ ավտոմատացված գործողությունը կամ վարքը: Գործողությունը կամ վարքը այնքան լավ է ուսումնասիրված և արմատացած, որ դրանք իրականացնելու համար հարկավոր չէ գործադրել ավելորդ ջանքեր, մտածել: Գիտակցությունն այս գործընթացում մասնակցում է ցածր աստիճանով:
Այլ կերպ ասած, հմտությունը նախանշված նպատակները լավ իրականացնելու մարդու ունակությունն է, առանց դրանց վրա հատուկ ուշադրություն սևեռելու, սակայն գիտակցության վերահսկողության ներքո:
Առանձնացնում են շարժողական և մտավոր հմտությունները: Շարժողական անվանում են շարժման հմտությունը, օրինակ՝ հեծանիվ քշելը, կոճակ կոճկելը, քուղեր կապելը, լողը և այլն:
Մտավոր են անվանում այն հմտությունները, որոնք ավտոմատացված մտավոր գործողություն են հանդիսանում (բազմապատկման աղյուսակի անգիր իմանալը, պարբերություն պահպանելը, կետադրական նշանների կիրառումը, ընթերցելիս դադարներ անելը և այլն):
Մյուս կողմից հմտությունները խմբավորում են նաև ըստ բովանդակության: Առանձնացնում են կենցաղային (հագ ու կապը, դանակ-պատառաքաղ օգտագործելը, անկողին հավաքելը և այլն), հիգիենիկ (ատամ մաքրել, ձեռքերը լվանալ), սպորտային (հեծանիվ քշել, լողալ) և այլն:
Անձնային ունակություն-հմտություններ
Եթե մարդը հաճախ կրկնում է նույն գործողությունը, նրա մոտ բնատուր ունակությունից զարգանում է որոշակի հմտություն, իսկ եթե նա չունենա համապատասխան պայմաններ, եթե չսովորի, չաշխատի համապատասխան ուղղությամբ, ապա նրա մոտ այդ հմտությունը չի զարգանա: Հմտությունը նույն ունակությունն է, որը հիմնականում սովորում և զարգացնում են վարժեցման արդյունքում: Այն ներառում է այնպիսի գործողությունների իրականացում, որոնց նպատակն է հասնել ցանկալի արդյունքի: Առանձնացնում են հետևյալ ունակություն-հմտւթյունները՝ ակադեմիական (ընթերցել, գրել, քննադատական մտածողություն, ստեղծագործական մտածողություն և այլն), անձնական հարաբերություների (լսել, զրուցել, վերբալ (խոսքային) և ոչ վերբալ (ոչ խոսքային) հաղորդակցություն և այլն) և շարժողական (ծեփակերտում, նկարչություն, ըմբշամարտ, թիրախային հրաձգություն և այլն):
Քննադատական մտածողությունը նման է մտավոր զարթոնքի՝ սեփական անձն ուսումնասիրելու նպատակով: Վերջինս շատ հարուստ հայեցակարգ է, որը գոյություն ունի ավելի քան 2500 տարի, սակայն տերմինն ի հայտ է եկել քսաներորդ դարից: Քննադատական մտածողությունը սեփական անձի ուսումնասիրումը, ղեկավարումն ու ինքնակարգապահությունն է, որի հետևորդներն ապրում են ռացիոնալ, կարեկցանքով և գործում են գիտակցաբար: Նրանք «օգտագործում են» ինտելեկտուալ մեխանիզմներ, որոնք նրանց վերլուծելու, գնահատելու և այս կամ այն փաստը բարելավելու հնարավորություն են ընձեռում:
Քննադատական մտածողություն նշանակում է հետաքրքրասիրություն, հարցման ռազմավարությունների կիրառում, հարցերի առաջադրում և դրանց պատասխանների փնտրում: Այն ներառում է ոչ միայն փաստերի արձանագրում, այլ նաև դրանց պատճառների և հետևանքների պարզաբանում: Քննադատական մտածողությունը տանում է դեպի որոշում, թե ինչին պետք է հավատանք և ինչին՝ ոչ: Քննադատական մտածողությունը սկսվում է տեղեկությունն ընդունելուց անմիջապես հետո և ավարտվում այդ տեղեկության հանդեպ անձնական վերաբերմունքի մշակմամբ: Սա է մտածողության ձևը, որը ենթադրում է հարցի դիտարկում տարբեր տեսանկյուններից և այլընտրանքների կշռադատում:
Հատկանշական է, որ մտածողությունը քննադատական է միայն այն դեպքում, երբ այն ունի անհատական բնույթ: Անձը պետք է ունենա տարբեր բարդության հարցերի շուրջ մտածելու և դրանք ինքնուրույն հաղթահարելու բավարար ազատություն:
Ինչո՞ւ քննադատական մտածողություն:
Բոլոր մարդիկ մտածում են, որ մտածելը մեր էությունն է, սակայն այս մտածելու և մտածածի մեծ մասը կողմնակալ, ցրված, մասնակի և մակերեսային է: Այդ ժամանակ մեր կյանքի ոճն ու որակը կախված է հենց նրանից, թե ինչ և ինչպես ենք մտածում:
Հաղորդակցությունը (լատիներեն Communico – դարձնում եմ ընդհանուր) մարդկանց շփվելու գործընթացն է, որի ընթացքում տեղի է ունենում մտքերի, գաղափարների կամ տեղեկության փոխանակում:
Հաղորդակցությունն ունի իր կառուցվածքը, որը բաղկացած է չորս տարրից.
- Աղբյուր – որտեղից (ում կողմից) է գալիս ծանուցումը
- Տեղեկատվություն – ծանուցման (տեղեկության) բովանդակությունը
- Ալիք - ինչի միջոցով է տեղի ունենում ծանուցման փոխանցումը: Օրինակ՝ հեռախոսով, հեռուստատեսությամբ, ռադիոյով...
- Ընդունող – ծանուցման հասցեատեր
Հաղորդակցությունը լինում է երկու տեսակի՝ վերբալ (խոսքային) և ոչ վերբալ (ոչ խոսքային):
Վերբալ հաղորդակցությունը գործընթաց է, որի ընթացքում կարծիքի փոխանակումը տեղի է ունենում խոսքերի և նախադասությունների միջոցով և շեշտը դրվում է ծանուցման բովանդակության վրա:
Ոչ վերբալ է հաղորդակցությունը այն հաղորդակցությունն է,որտեղ չկա խոսք, սակայն տեղեկության փոխանակումը միևնույն է տեղի է ունենում, ոչ վերբալ ալիքներով՝ դիրք, ժեստեր, գործողություններ-շարժումներ, տեսողական կոնտակտ, մարմնի դիրք, դեմքի արտահայտություն, ձայնի տեմբր և բարձրություն: Մեր ընկալման 65%-ը բաղկացած է ոչ վերբալ տեղեկությունից, ոչ վերբալ հաղորդակցությունը միշտ ուղեկցում է վերբալ հաղորդակցությանը: Կարևոր է, որ հաղորդակցության այս երկու ձևերը համընկնեն:
Հաղորդակցության տեսակներն են.
- Ուղղակի - օրինակ՝ «Դուրս եկեք մարզադահլիճից»
- Էքսպլիցիտ (որոշակի) – օրինակ՝ «Ազատեք մարզադահլիճը, պետք է ներս գա աշակերտների հաջորդ թիմը»
- Աննուղակի – օրինակ՝ «Դուք գիտեք, որ մեր համար բոլոր աշակերտները հավասարապես կարևոր են, այդ իսկ պատճառով պետք է ազատեք մարզադահլիճը»
- Իմպլիցիտ (ներունակ) – օրինակ՝ «Երևի գիտեք, որ ամեն ինչ ցանկացողը կորցնում է ամեն ինչ»
Արժեքներ
Արժեքը սկզբունք է կամ չափորոշիչ, որն ընդունում է մարդը, մարդկանց խումբը կամ հասարակությունը:
Արժեքն արտահայտում է մարդու հավատը, հայացքները, գաղափարները և էթիկական չափորոշիչները, որոնք հանդիսանում են նրա կենսակերպի հիմքը: Արժեքները հաճախ սահմանում են մարդու վարքագծերի միասնությունը, որը մղում կամ ընդհակառակը զերծ է պահում նրան այս կամ այն վարքից:
Անձը կամ հասարակությունն ունեն մի շարք արժեքներ: Այդ արժեքների հիմնական բնութագրիչն է համարվում դրանց միասնական բնույթը: Արժեքները միմյանց հետ կառուցվածքային կապի մեջ են և ստեղծում են մեկ ամբողջական համակարգ, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի այդ արժեքներն ունեցող անձի կամ հասարակության վարքը լինի կանխատեսելի: Թեպետ, հատկանշական է, որ արժեքները չեն բնութագրվում լրիվ կայունությամբ: Հնարավոր է դրանք փոփոխվեն հետզհետե, անսպասելիորեն կամ արագ: Այդ փոփոխությունը տեղի է ունենում արժեքային կողմնորոշման համապատասխան:
Արժեքներն իրենցից ներկայացնում են յուրօրինակ չափում, որով դրսևորվում է որոշակի վերաբերմունք երևույթների նկատմամբ, թե ինչն է լավ կամ վատ, արդար կամ անարդար, բարոյական կամ անբարոյական: Այդ վերաբերմունքները ձևավորվում են դաստիարակման ընթացքում, վերածվում ամուր հավատի և հաճախ դժվար ենթարկվում փոփոխության:
Տարբեր հասարակություններում դաստիարակված անձի մոտ, բնականաբար ձևավորվում են տարբեր արժեքներ: Երբ նրանք համատեղ են ապրում հնարավոր է նրանց միջև զարգանա որևէ տեսակի կոնֆլիկտ: Նման դեպքեր հաճախ են լինում բազմամշակութային երկրներում, որտեղ ապրում են տարբեր ազգություն, կրոն, մշակույթ ունեցող մարդիկ: Այս դեպքում կարող է զարգանալ արժեքների կոնֆլիկտ, որը բավական դժվար է կարգավորել, քանի որ այն կապված է մարդու արժեքների հետ: